Armenian

Թաղման նպաստ

Կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելը

1. Կենսաթոշակառուի մահվան դեպքում, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:

2. Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:

3. Ծառայությունից սահմանված կարգով արձակված, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամ ճանաչվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողի հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:

4. Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ կազմակերպությունը:

5. Թաղման նպաստը նշանակվում է, եթե հուղարկավորությունը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում, կամ կենսաթոշակառուն մահացել է Հայաստանի Հանրապետությունում: Թաղման նպաստը նշանակվում է գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:

Թաղման նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` նշանակելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ: Սույն պարբերությամբ սահմանված ժամկետում թաղման նպաստը չվճարելու դեպքում չվճարված թաղման նպաստի գումար վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:

Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված թաղման նպաստի գումարը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման:

6. Թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը, վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և թաղման նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Թաղման նպաստի սահմանվող չափը չի կարող պակաս լինել նախկին չափից:


   Թաղման  նպաստ ստանալու համար անձը ներկայացնում է՝

1. դիմումը.

2. անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը.

3. մահվան վկայականը.

4. եթե մահվան վկայականը տրված է օտարերկրյա պետության կողմից կամ, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված մահվան վկայականում կատարված գրառման համաձայն, կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված` գերեզմանատան տնօրինության տված տեղեկանքն անձին Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու մասին (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):

 Հաշմանդամության ժամկետը լրացած և վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում, բացի վերը  նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության չներկայանալու մասին:

 

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակ նշանակելու, չվճարված կենսաթոշակի գումարը և կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ»-ի 28-րդ և 29-րդ կետեր

 

Թաղման նպաստի չափը

 

2011թ. հունվարի 1-ից թաղման նպաստի չափը սահմանվել է 200000 դրամ:

 

ՀՀ կառավարության 2010թ. դեկտեմբերի 30-ի թիվ 1734-Ն որոշում   

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)