Armenian

prip.am - «Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը» շարունակում է աջակցել ՀՀ ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) աշխատակազմի կարողությունների հզորացման միջոցառումների ծրագրին, որի շրջանակներում մարտի 15-16-ը Ջերմուկ քաղաքում կազմակերպվեց «Քաղաքացիական ծառայությունը սոցիալական ապահովության պետական ծառայությունում» խորագրով սեմինար-դասընթաց՝ հատուկ ՍԱՊԾ սկսնակ աշխատակիցների համար, ովքեր դեռևս գիտելիքները լրացնելու, համակարգին ավելի խորությամբ ծանոթանալու և մասնագիտական փորձառության կարիք ունեն:

Միջոցառման ընթացքում նոր աշխատաշուկա մուտք գործած աշխատակիցներին ներկայացվեցին օրենսդրական հատկապես այն կարգավորումները, որոնք անհրաժեշտ են նրանց աշխատանքային գործունեության ընթացքում, ինչպես օրինակ «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական կենսաթոշակների մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքները և դրանցից բխող իրավական ակտերը:

Սեմիանար-դասընթացը վարող ՍԱՊԾ պետ Արմեն Աբրահամյանը հանգամանորեն ներկայացրեց կենսաթոշակային օրենսդրությունը և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի առանձնահատկությունները: Քաղաքացիական ծառայության մասին օրենքը մեկնաբանելու համար միջոցառմանը հրավիրված էին Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ Գագիկ Գևորգյանը, Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանը, ովքեր բացատրեցին քաղծառայության ոլորտում պաշտոնների դասակարգման, դասային աստիճանների, պաշտոն զբաղեցնելու կարգի, ատեստավորման, վարձատրության և այլ դրույթների օրենսդրական կարգավորումները: Բանախոսները նաև պատասխանեցին մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին քաղաքացիական ծառայությունում կարիերայի առաջխաղացման հնարավորություններին:

Սեմինար խորհդակցության երկրորդ օրը մասնակիցներն առավել մանրամասն ծանոթացան կուտակային կենսաթոշակների մասին օրենքին, քննարկվեցին Սոցիալական ապահովության պետական ծառայության դերը կենսաթոշակային բարեփոխումների գործընթացքում, ինչպես նաև ՍԱՊԾ-ի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և քաղաքացիական ծառայության հետագա զարգացման հետ կապված հարցեր:

Միջոցառումը նաև հինալի առիթ էր Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ քննարկելու պետական կենսաթոշակային համակարգում տեղի ունեցող փոփոխությունները, ներառյալ համապատասխան պաշտոնների անձնագրերը, և դրանք խորհրդի հետ համակարգելու և արդյունավետ իրականցնելու մեխանիզմները:

Սեմիանարին որպես բանախոս ներկա էին նաև ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավար Մինաս Մինասյանը, իրավաբանական վարչության պետ Ագնեսա Աղաբաբյանը և քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակից Էլեն Սաիյանը:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)