Armenian

01.02.2017

Այսուհետ առավել պահանջված տեղեկանքները քաղաքացիներին կտրամադրվեն 15 րոպեում նախկին 5-7 աշխատանքային օրերի փոխարեն

Երևան, 2017թ. Փետրվարի 1: 2017թ.-ից սկսած Սոցիալական ապահովության պետական ծառայության համակարգում գործում է տեղեկանքների տրամադրման պարզեցված համակարգ:

Կենսաթոշակառու կամ նպաստառու լինելու մասին, ինչպես նաև կենսաթոշակի կամ նպաստի չափի մասին տեղեկանքներ ի համար այսուհետ քաղաքացիները (ՀՀ քաղաքացիները, ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները) կարող են դիմել ցանկացած տարածքային բաժին և կենտրոնական գրասենյակ՝ անկախ հաշվառման վայրից:

Եթե նախկինում նշված տիպի տեղեկանքների տրամադրումը տեղի էր ունենում մի քանի աշխատանքային օրերի ընթացքում՝ երբեմն առաջացնելով անհարկի քաշքշուկ, ապա ներկայումս դրանք տրամադրվելու են 15 րոպեների ընթացքում և կենտրոնական գրասենյակի և տարածքային բաժնի կողմից (2016թ. նման տեղեկանքների համար դիմել են մոտ 60.000 քաղաքացիներ):

Աշխատանքներ են ընթանում ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ նման ընթացակարգ սահմանելու նաև արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին նույն ծառայությունը մատուցելու համար:

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը մշակել և ներդրել է նաև Հայաստանի Ազգային արխիվի հետ տեղեկատվության փոխանակման համակարգ, որի արդյունքում քաղաքացին ստիպված չի լինի գրավոր դիմել ազգային արխիվ, գումար վճարել և ստացված տեղեկատվությունը տեղեկանքի տեսքով տրամադրել սոցիալական ապահովության պետական ծառայությանը: Այդ գործընթացը կկատարվի ծառայության և արխիվի աշխատակիցների կողմից: Արդյունքում խնայվելու են և ժամանակ, և քաղաքացիների ֆինանսական միջոցներ: Բացի այդ, էապես նվազեցվելու են կոռուպցիոն ռիսկերը, և բարձրանալու է ծառայության որակը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցներն են համակարգերի ներդրումն ու քաղաքացիների իրազեկվածությունը», - նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Համակարգը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ համագործակցության շրջանակներում:

Մշակված համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանի ազգային արխիվին դիմելը և տեղեկատվությունը ստանալը կազմակերպել մեկ օրում: Արխիվային տեղեկանքի տրամադրման փաստացի ժամկետը կախված կլինի ազգային արխիվի կողմից տեղեկատվության տրամադրման ժամկետից:

###

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)