Armenian

Հարց 1

Եթե  նպաստառուի նպաստի վճարումը դադարեցվել է լիազորագրի սահմանված ժամկետը լրանալու պատճառով,ապա ի՞նչ կարգով է վերսկսվում նպաստառուի նպաստի վճարումը:

Պատասխան 1

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին չվճարված նպաստի գումարը վճարվում է դիմելու կամ նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը նպաստ ստանալու իրավունք է ունեցել:

Նույն օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, եթե նպաստառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում, իսկ նպաստը նրա օրինական ներկայացուցչին վճարվելու դեպքում` նաև եթե անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

ՀՀ կառավարության 2014թ. հունիսի 26-ի թիվ 635-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված «Նպաստը նշանակելը, նպաստ նշանակել վճարելը դադարեցնելը և վերսկսելը» կանոների 33-րդ և 34-րդ  կետերի համաձայն` նպաստ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է միանվագ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Նպաստ վճարելը դադարեցված լինելու դեպքում չվճարված նպաստի գումարը լիազորագրով չի վճարվում՝ բացառությամբ նպաստառուի՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու, հոգեբուժական հաստատությունում բուժվելու, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքերի:

 Եթե նպաստ վճարելը դադարեցվել է, ապա չվճարված նպաստի գումարը վճարվում է դիմելու կամ նպաստ վճարելը վերսկսելու (նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը նպաստ ստանալու իրավունք է ունեցել` հաշվի առնելով դիմելու ամսվան նախորդող ժամանակահատվածում նպաստի չափի վերահաշվարկման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների փոփոխությունները:

 

Հարց 2

Ինչպե՞ս է կարգավորվում նպաստառուի նպաստի իրավունքի վերականգնումը:

Պատասխան 2

«Պետական նպաստների մասին»  ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ենթակետի համաձայն` ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝ նպաստառուին կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին 12 ամիս անընդմեջ նպաստ չվճարելու դեպքում:Նույն Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ ենթակետի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով նպաստ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

«Պետական նպաստների մասին»  ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին չվճարված նպաստի գումարը վճարվում է դիմելու կամ նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը նպաստ ստանալու իրավունք է ունեցել:

Նույն օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, եթե նպաստառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում, իսկ նպաստը նրա օրինական ներկայացուցչին վճարվելու դեպքում` նաև եթե անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

 

Հարց 3

Ինչպե՞ս է կարգավորվում կերակրողին կորցնելու դեպքում նշանակված նպաստ ստանալու իրավունքը , եթե  լրացել է  նպաստառուի 18 տարին:

Պատասխան 3

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի  1-ին մասի 2-րդ կետի համաձայն`  կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը՝ մինչև 23 տարին լրանալը:Նույն օրենքի  33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից,իսկ  4-րդ մասի  2-րդ կետի համաձայն` նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է՝ 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

 

Հարց 4

Կարո՞ղ է արդյոք շահառուն վճարման եղանակի և վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում ներկայացնել Ծառայության ոչ իր հաշվառման վայրի տարածքային բաժին:

Պատասխան 4

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբերի 20-ի թիվ 1082 որոշման համաձայն` աշխատանքային կենսաթոշակ, ինչպես նաև ԽՍՀՄ զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած շարքային կազմի զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց հաշմանդամության զինվորական կենսաթոշակ, այդ անձանց մահվան դեպքում նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անձը գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:Համաձայն 09.01.2017թ.  թիվ ԱԹ/(305172)-17 շրջաբերականի`  սկսած 2017թ. հունվարի 1-ից դիմումները (կենսաթոշակի և նպաստի նշանակում, ստանալու իրավունքի վերականգնում, վճարման վերսկսում, վերահաշվարկ և այլն) ներկայացվում են ցանկացած տարածքային բաժին` անկախ այն հանգամանքից, թե որ տարածքային բաժնի սպասարկման վայրում է հաշվառված շահառուն կամ որտեղ է գտնվում կենսաթոշակի կամ նպաստի գործը:

 

Հարց 5

Ինչպե՞ս կարելի է  տնօրինել ընտանեկան դրամագլուխը  մինչև հաշվետիրոջ  18 տարին լրանալը:

Պատասխան 5

ՀՀ կառավարության  2014 թվականի մարտի 6-ի թիվ  275-Ն որոշման հավելվածի 2-ի 4-րդ  կետի համաձայն` ընտանեկան դրամագլուխը, մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից` բացառապես`

 

1) Հայաստանի Հանրապետությունում բնակարանի, բնակելի տան գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է (բացառությամբ խնամակալի):

 

2) հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ ծնողի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար:

 

3) հաշվետիրոջ ծնողին (բացառությամբ խնամակալի) տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն և առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ:

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ, Լոռու մարզի Եղեգնուտ, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Իծաքար բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի (այսուհետ՝ գույք) գնման համար, եթե գնորդը հաշվետիրոջ ծնողն է` բացառությամբ խնամակալի (գումարը գույք վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով):

Նույնի կարգի 8-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությամբ, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլուխը կարող է ծախսվել հաշվետիրոջը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամին, հաշվետիրոջ ծնողին Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված համավճարը վճարելու համար, եթե դիմելու օրվա դրությամբ հաշվետերն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված է «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի կազմում և հաշվետերը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամը, հաշվետիրոջ ծնողը չունեն այդ բժշկական օգնությունը պետական պատվերի կամ բժշկական ապահովագրության շրջանակներում ձեռք բերելու իրավունք:

 2014 թվականի մարտի 6-ի թիվ 275-Ն որոշման մեջ լրացումներ  կատարելու մասին 2017 թվականի մարտի 2-ի թիվ 242-Ն որոշման համաձայն՝ նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից՝ ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 դրամը: Սույն որոշումը գործում է մինչև  2017 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:

 

Հարց 6

Ե՞րբ է դադարում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը:

Պատասխան 6

ՀՀ կառավարության  2014 թվականի մարտի 6-ի թիվ  275-Ն որոշման հավելվածի 2-ի 9-րդ  կետի համաձայն` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարում է  նոր ծնված երեխայից հրաժարվելու դեպքում.

 

2) եթե հաշվետերը տեղավորվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) կամ ձեռք է բերում առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.

 

3) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաներից մեկի` բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) տեղավորվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.

 

4)  հաշվետիրոջ 18 տարին լրանալու դեպքում.

 

5) եթե նախկինում Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցողը և հաշվետերը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի տարբեր հասցեներում:

 

Նույն կարգի 10-րդ կետի համաձայն` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարում է համապատասխան հանգամանքը ծագելու հաջորդ օրվանից:Դրա մասին (բացառությամբ սույն կարգի 9-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի) ծառայությունից ստացած պահանջագրի հիման վրա բանկը դադարեցնում է պետական աջակցության հաշվով գործառույթների իրականացումը` մինչև ծառայությունից այլ պահանջագիր ստանալը կամ հաշվետիրոջ 18 տարին լրանալը:

 

Հարց 7

Ինչպե՞ս է կարգավորվում նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելը:

Պատասխան 7

ՀՀ կառավարության  2014 թվականի մարտի 6-ի թիվ  275-Ն որոշման   1-ին կետի 2-րդ  ենթակետի համաձայն՝ միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուր երեխայի համար` նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով.

Նույն կարգի 2-րդ հավելվածի 8-րդ  կետի համաձայն` նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս՝ հաշվի են առնվում նպաստը նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված (անկախ բնակության (հաշվառման) վայրից)`

 

1) նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները):

 

2) նոր ծնված երեխայի մորից սերված երեխաները և զավակները՝ բացառությամբ այն դեպքի, երբ անչափահաս տարիքում նրանց խնամքը դատարանի որոշմամբ հանձնվել է այլ անձի, կամ մայրը դատական կարգով զրկվել է ծնողական իրավունքներից:

 

3)  նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները, եթե՝

 

    ա.  նրանց մայրը մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացել կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ:

    բ. դատարանի որոշմամբ նրանց խնամքն անչափահաս տարիքում հանձնվել է նոր ծնված երեխայի հորը, կամ՝

    գ.   այդ երեխաների մայրը զրկվել է ծնողական իրավունքներից, կամ՝

  դ. դատական կարգով հաստատված է այն փաստը, որ նրանց մայրը չարամտորեն (միտումնավոր) խուսափել է ծնողական իրավունքները և պարտականությունները կատարելուց (չի կատարել ծնողական իրավունքները և պարտականությունները) և անչափահաս տարիքում այդ երեխաների խնամքը (երեխաների դաստիարակությունը, նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը) իրականացրել է նոր ծնված երեխայի հայրը:

Նույն կարգի 13-րդ կետի համաձայն՝ սույն կարգի 8-րդ կետում նշված երեխաների (զավակների) թվում հաշվի չեն առնվում նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 12 ամսվա ընթացքում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) խնամված կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցած երեխաները և զավակները (բացառությամբ որդեգրված երեխաների և զավակների): Եթե երեխան (զավակը) սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա մեկ անգամ հաշվի է առնվում նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս, ապա դրանից հետո նոր կարգաթիվ որոշելիս՝ այդ երեխան (զավակը) կարող է հաշվի առնվել, եթե նոր ծնված երեխայի հետ սերվել է միևնույն հորից (նոր ծնված երեխայի համահայր քույրը կամ եղբայրն է):


Հարց 8

Ինչպե՞ս է կարգավորվում օտարերկրյա քաղաքացու ՀՀ-ում երեխային միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը:

Պատասխան 8

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Օտարերկրյա քաղաքացի ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):

ՀՀ կառավարության  2014 թվականի մարտի 6-ի թիվ  275-Ն որոշման հավելվածի 1-ի 7-րդ կետի համաձայն՝ Օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) տված փաստաթղթերը (բացառությամբ անձը հաստատող փաստաթղթերի) և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կատարված քաղաքացիական կացության ակտերի հավաստման նպատակով տրված փաստաթղթերն ընդունվում են հյուպատոսական օրինականացման կամ ապոստիլի առկայության դեպքում, հյուպատոսական կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի :

Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին իրավասու մարմինների կողմից տրված` երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթերն ընդունվում են առանց հյուպատոսական օրինականացման` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ:

 

Հարց 9

Ինչպե՞ս է կարգավորվում ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը:
Պատասխան 9

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի  համաձայն` ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի (այսուհետ` նպաստ) իրավունք ունեն` գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների (այսուհետ` վարձու աշխատողներ):

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (այսուհետ՝ չաշխատող անձ): Սույն օրենքի 23.1-ին և 23.2-րդ հոդվածների իմաստով չաշխատող անձ է համարվում նաև ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերը, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:

   Ըստ այդմ` «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով մայրության նպաստի իրավունք չունեցող անձը մայրության նպաստի իրավունք ունի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 23.1-րդ հոդվածի  համաձայն` որպես չաշխատող անձ:

 

Հարց 10

Ի՞նչ ժամկետներում է վճարվում երեխայի միանվագ նպաստը, եթե ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար սահմանված չափով երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու մասին դիմումը ներկայացվել  է  առցանց :

Պատասխան 10

ՀՀ  կառավարության  2014 թվականի մարտի 6-ի թիվ  275-Ն որոշման հավելվածի 1-ի  3.1-կետի համաձայն` առցանց դիմումի հիման վրա նպաստը վճարվում է դիմումը ներկայացվելուց հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում:

 

Հարց 11

Ինչպե՞ս է կարգավորվում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստի նշանակումը և վճարումը, եթե ժամանակավոր անաշխատունակությունը ծագել է օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումից կամ նոտարի պաշտոնավարման ավարտի օրվանից հետո:

Պատասխան 11

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 23.1-րդ հոդվածի  2-րդ մասի համաձայն` վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով մայրության նպաստի իրավունք ունեցող (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) անձին նշած հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա (որպես չաշխատող անձի) մայրության նպաստ չի նշանակվում:

   Ըստ այդմ` «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով մայրության նպաստի իրավունք չունեցող անձը մայրության նպաստի իրավունք ունի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 23.1-րդ հոդվածի  համաձայն` որպես չաշխատող անձ:

Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը, ում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքն առաջացել է ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես դադարեցված լինելու ժամանակահատվածում, մայրության նպաստի իր իրավունքը կարող է իրացնել որպես չաշխատող անձ` «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

Հարց 12

Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին և ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամներին մինչև  երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակվում է , թե ոչ :

Պատասխան 12

«Պետական նպաստների մասին»ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի  1-ին և 4-րդ մասերի համաձայն` մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունեն երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող) մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:

Սույն օրենքի 27-րդ, 28-րդ, 28.1-ին հոդվածների դրույթները չեն տարածվում ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների վրա:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի  5-րդ մասի համաձայն` խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ: Ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում խնամքի նպաստ նշանակելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ըստ այդմ` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին և ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամներին մինչև  երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ չի նշանակվում և չի վճարվում:

 

Հարց 13

Ինչպե՞ս է կարգավորվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված գործատուի մոտ աշխատող` խնամքի արձակուրդում գտնվող ծնողին  Հայաստանի Հանրապետությունում  մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելը և վճարելը:

Պատասխան 13

ՀՀ կառավարության  2015 թվականի դեկտեմբերի29-ի թիվ 1566 որոշման  1-ին հավելվածի  3.1-րդ կետի համաձայն` խնամքի նպաստը նշանակվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված գործատուի մոտ աշխատող` խնամքի արձակուրդում գտնվող ծնողին, եթե նա և իր երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեխայի ծնողներին խնամքի նպաստ չի նշանակվել:

Նույն կարգի 4.1-րդ կետի համաձայն`  խնամքի նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային բաժին ներկայացվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված գործատուի մոտ խնամքի արձակուրդում գտնվելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է ծառայությունը` ծառայության պետի սահմանած կարգով:

 

Հարց 14

Ինչպե՞ս է կարգավորվում  մեկից ավելի  երեխաների դեպքում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու  կարգը:

Պատասխան 14

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի  համաձայն՝ եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև երկու տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր երեխայի համար:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)