Armenian

Հարց 1

Կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար ովքե՞ր կարող են դիմում ներկայացնել , և ինչպե՞ս է կարգավորվում վճարման կարգը:

Պատասխան 1

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասի համաձայն` կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման:

 

Հարց 2

Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը ինչպե՞ս է  վճարվում  և ի՞նչ ժամանակահատվածի համար:

Պատասխան 2

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա կենսաթոշակի գումարի հետ` մինչև սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ վճարելը դադարեցնելը:

Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ  մասի 5-րդ կետի համաձայն` Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, եթե կենսաթոշակառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում, բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի:

 

Հարց 3

Եթե կենսաթոշակառուն բացակայում է ՀՀ-ից , իսկ  նրա կենսաթոշակի վճարումը դադարեցված է,  ինչպե՞ս ստանալ նրա կենսաթոշակը:

Պատասխան 3

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ  մասի 1-ին կետի համաձայն կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում` կենսաթոշակ վճարելը վերսկսվում է դիմելու (անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունն ստացվելու) ամսին հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:

 

 Հարց 4

Կենսաթոշակառուի կենսաթոշակը վերահաշվարկելիս չվճարվող (նպատակային) արձակուրդում գտնված ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվառվու՞մ է , թե ոչ:

Պատասխան 4

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ   և 5-րդ մասերի համաձայն` 2013 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքներ կատարելու, ծառայություններ մատուցելու, անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե ըստ սույն օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների՝

1) անձը ստացել է աշխատավարձ (եկամուտ).

2) անձը վճարել է եկամտային հարկ:

 Ժամանակավոր անաշխատունակության և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նպատակային արձակուրդի ժամանակահատվածները աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ աշխատավարձ ստանալու (սոցիալական վճար կամ եկամտային հարկ վճարելու) հանգամանքից:

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման թիվ 2 հավելվածով հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու» կանոնների 11.1 կետի համաձայն` ժամանակավոր անաշխատունակության և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նպատակային արձակուրդի (հղիության և ծննդաբերության արձակուրդ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ, ուսումնական արձակուրդ, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդ, չվճարվող արձակուրդ) ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ աշխատավարձ ստանալու, սոցիալական վճար կամ եկամտային հարկ վճարելու հանգամանքից:

 

Հարց 5

Կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստը  ո՞ր դեպքում են նշանակում, և նշանակելու համար դիմում ներկայացնելու համար ի՞նչ  ժամկետներ են սահմանված:

Պատասխան 5

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի համաձայն` կենսաթոշակառուի մահվան դեպքում, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:Թաղման նպաստը նշանակվում է, եթե հուղարկավորությունը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում, կամ կենսաթոշակառուն մահացել է Հայաստանի Հանրապետությունում: Թաղման նպաստը նշանակվում է գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում: Թաղման նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` նշանակելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ: Սույն պարբերությամբ սահմանված ժամկետում թաղման նպաստը չվճարելու դեպքում չվճարված թաղման նպաստի գումար վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:

 

Հարց 6

Եթե կենսաթոշակառուի կենսաթոշակի վճարումը դադարեցված չէ, սակայն նա բացակայելու ՀՀ-ից ի՞նչ կարգով կարող է  վաճրվել  նրա կենսաթոշակը և ի՞նչ ժամկետներում կարող են ստանալ նրա կենսաթոշակը:

Պատասխան 6

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ , 11-րդ և 12-րդ մասերի համաձայն` կենսաթոշակը նաև վճարվում է կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով կենսաթոշակ վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:Վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում:

Կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած կենսաթոշակը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո կենսաթոշակը տվյալ լիազորագրով չի վճարվում:

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված «Կենսաթոշակը վճարելը» 62-րդ  կետի համաձայն` եթե կենսաթոշակ վճարելը դադարեցված չէ, լիազորագրով վճարվում է չվճարված կենսաթոշակի ամբողջ գումարը, ինչպես նաև` հետագա 12 ամսվա կենսաթոշակի գումարը` սկսած լիազորագիրը տալու ամսվանից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

 

Հարց 7

Եթե կենսաթոշակի  նշանակման և վերահաշվարկման  դիմումին կից  ներկայացվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 1992 թվականից հետո աշխատած ժամանակահատվածի աշխատանքային ստաժ, ինչպե՞ս է հաշվարկվում  այդ ժամանակահատվածը ընդհանուր աշխատանքային ստաժում:

Պատասխան 7

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ   մասի համաձայն` մինչև 2013 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության ,  գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային վճար վճարելու, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր լինելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե`

1) անձը ենթակա է եղել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության և ստացել է աշխատավարձ.

2) անձը ենթակա է եղել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության և վճարել է պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, իսկ մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար):

 

 Հարց 8

Կենսաթոշակառուն ե՞րբ կարող է դիմել կենսաթոշակի վերահաշվարկման համար:

Պատասխան 8

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին   մասի 2-րդ և 3-րդ ենթակետերի  համաձայն` տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո աշխատած լինելու մասին տեղեկանք` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.

Կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը (կենսաթոշակի տեսակը փոխելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ` դիմումը և այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

 

Հարց 9

Ինչպե՞ս վարվել, եթե անձի աշխատանքային գրքույկը բացակայում է (կորցրել է), կամ եթե աշխատանքային գրքույկում կան ջնջումներ, սխալ և ոչ հստակ գրառումներ կամ գրառումներ չկան աշխատանքի առանձին ժամանակահատվածների մասին:

Պատասխան 9

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:  

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման թիվ 2 հավելվածով հաստատված  կանոնների 9-րդ և 10-րդ  կետերի համաձայն` աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992 թվականի հունվարից սկսած` աշխատանքային գրքույկը և պարտադիր սոցիալական ապահովության (մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` սոցիալական վճարներ) կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:

Աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում կան ջնջումներ, սխալ և ոչ հստակ գրառումներ կամ գրառումներ չկան աշխատանքի առանձին ժամանակահատվածների մասին, աշխատանքային ստաժը հաստատելու համար ընդունվում են արխիվային տեղեկանքներ, աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու մասին հրամաններ կամ հրամանների քաղվածքներ, ինչպես նաև համապատասխան իրավահարաբերությունների առաջացման օրվա դրությամբ գործող աշխատանքային օրենսդրության համաձայն կնքված աշխատանքային գրավոր պայմանագրեր և համաձայնագրեր կամ օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասում նշված՝ անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում առկա տեղեկատվությունը:

 

Հարց 10

Ինչպե՞ս են կարգավորվում մասնակի կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետները:

Պատասխան 10

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին   մասի 1-ին կետի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է` կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:

Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով և պաշտոններում մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:

Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:

 

Հարց 11

Որո՞նք են աշխատանքային հաշմանդամություն նշանակելու պայմանները և ժամկետները:

Պատասխան 11

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին   մասի համաձայն` հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին, եթե հաշմանդամություն սահմանելու կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ժամանակ անձն ունեցել է հետևյալ աշխատանքային ստաժը. մինչև 23 տարեկան անձի համար  պահանջվող աշխատանքային ստաժը` 2 տարի աշխատանքային ստաժ` օրացուցային տարիներով, 23-ից մինչև 26 տարեկան անձի համար 3 տարի աշխատանքային ստաժ` օրացուցային տարիներով, 26-ից միչև 29 տարեկան անձի համար 4 տարի աշխատանքային ստաժ` օրացուցային տարիներով 29-ից մինչև 32 տարեկան անձի համար` 5 տարի աշխատանքային ստաժ` օրացուցային տարիներով, 32-ից մինչև 35 տարեկան անձի համար` 6 տարի աշխատանքային ստաժ` օրացուցային տարիներով, 35-ից մինչև 38 տարեկան անձի համար` 7 տարի աշխատանքային ստաժ` օրացուցային տարիներով, 38-ից մինչև 41 տարեկան անձի համար` 8 տարի աշխատանքային ստաժ` օրացուցային տարիներով, 41-ից մինչև  44 տարեկան անձի համար` 9 տարի աշխատանքային ստաժ` օրացուցային տարիներով, 44-ից բարձր անձանց համար 10 տարի աշխատանքային ստաժ` օրացուցային տարիներով:

Նույն օրենքի   29-րդ հոդվածի համաձայն՝ կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են`

1) Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), 2013 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու և այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև ԽՍՀՄ տարածքում աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածները.

2) անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածները, բացառությամբ բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատիրոջ՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածների.

3) սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված զինվորական ծառայության ժամանակահատվածը (բացառությամբ ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածի):

 

Հարց 12

Ինչպե՞ս է կարգավորվում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձին կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակը:

Պատասխան  12

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին  մասի համաձայն` ուսումնական (այդ թվում` ռազմական ուսումնական)  հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը:

Նույն օրենքի 41-րդ հոդվածի  1-ին և 3-րդ մասերի համաձայն` առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից: Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է` 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

 

Հարց 13

Ինչպե՞ս է կարգավորվում կենսաթոշակառուի կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելը:

Պատասխան 13

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին: Նույն օրենքի 41-րդ հոդվածի  4-րդ մասի համաձայն` կենսաթոշակ վճարելը սույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հայտարարությունն ստորագրելու (բանկ ներկայանալու) մասին բանկից տեղեկատվություն ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե այդ տեղեկատվությունն ստացվել է կենսաթոշակ վճարելը դադարեցնելու ամսվանից սկսած՝ 12 ամսվա ընթացքում:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ  մասի 5-րդ կետի համաձայն` Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, եթե կենսաթոշակառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում, բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի:

 

Հարց 14

Ովքե՞ր իրավունք ունեն արտոնյալ պայմաններով (թիվ 1 և թիվ 2 ցուցակներով)  աշխատանքային կենսաթոշակի

Պատասխան 14

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և   2-րդ մասի 1-ին կետերի համաձայն` արտոնյալ պայմաններով (թիվ 1 ցուցակ) կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք,իսկ  արտոնյալ պայմաններով (թիվ 2 ցուցակով) կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին՝ եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

 ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 12 թիվ  12-Ն որոշմամբ հաստատված են N 1, 2, 3 և 4 ցուցակներով նախատեսված արտադրությունը, աշխատանքը, մասնագիտությունը, պաշտոնը և ցուցանիշները, որոնք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք են տալիս:

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման թիվ 1-ին հավելվածով հաստատված  կանոնների 20-րդ  կետի համաձայն` արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս` 25 օրացուցային տարվա ստաժում հաշվառվում են նաև օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները, իսկ արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող ստաժում՝ միայն այդ կենսաթոշակի իրավունքը տվող մասնագիտություններով և պաշտոններում աշխատած ժամանակահատվածը:

 

Հարց 15

Մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառվու՞մ են արդյոք մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպչի  կատարած աշխատանքը:

Պատասխան 15

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման թիվ 6 հավելվածով հաստատված «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունները և պաշտոնները» ցանկի 2-րդ կետի համաձայն` մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպչի, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների գծով տնօրենի (դիրեկտորի) տեղակալների (փոխտնօրենների), կազմակերպիչների, արտադրական ուսուցման վարպետի (վարպետ-դաստիարակի, վարպետ-դասատուի) մասնագիտություններով և պաշտոններում աշխատած ժամանակահատվածները մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառվում են (մասնակի կենսաթոշակը նշանակվում կամ վերահաշվարկվում են) 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ներկայացված դիմումների հիման վրա: Ընդ որում, 2016 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի մարտի 1-ը դիմելու (գրավոր դիմում ներկայացնելու) դեպքում մասնակի կենսաթոշակը նշանակվում է (մասնակի կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է) 2016 թվականի հոկտեմբերի 1-ից, բայց ոչ շուտ, քան մասնակի կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից (ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբերի 20-ի թիվ 1082 որոշման համաձայն):

 

Հարց 16

Ինչպե՞ս է կարգավորվում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարումը:

Պատասխան 16

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կենսաթոշակառուի մահվան դեպքում, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ կազմակերպությունը:

 

Հարց 17

Ինչպե՞ս է կարգավորվում կենսաթոշակառուի ՀՀ-ում նշանակված կենսաթոշակից հրաժարվելու կարգը:

Պատասխան 17

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին  մասի 14-րդ կետի համաձայն` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է` կենսաթոշակառուի` իր կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:

Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

Հարց 18

Տրվում է  արդյոք հավելում հաշմանդամության (3-րդ խումբ) աշխատանքային կենսաթոշակին:

Պատասխան 18

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ   մասերի համաձայն` սկսած 2014 թվականի հունվարի 1-ից՝ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`

1) առաջին խմբի համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով.

2) երկրորդ խմբի համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:

 

Հարց 19

Ինչպե՞ս է կարգավորվում Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձանց կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքում չվաճարված կենսաթոշակի գումարի վճարման գործընթացը :

Պատասխան 19

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին  մասի 2-րդ պարբերության համաձայն` չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման թիվ 1 հավելվածի «Կենսաթոշակի վճարելը» կանոնի 66-րդ կետի համաձայն` Համաձայնագրի մասնակից պետություն մշտական բնակության մեկնած անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում՝ կենսաթոշակառուին հասանելիք, սակայն չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են այդ անձի տված և նոտարի վավերացրած լիազորագրով` լիազորված անձի գրավոր դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում համաձայնագրի մասնակից պետություն մշտական բնակության մեկնած անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Նույն կարգի 1-ին հավելվածի 51.3-րդ կետի համաձայն`Համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն ունեցող` Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու, համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը վերսկսվում է (չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է) միայն այդ պետությունում կենսաթոշակ նշանակած չլինելու մասին փաստաթղթի առկայությամբ:

Եթե սույն կարգի 51.3-րդ կետում նշված դիմումը մերժվում է այդ պետությունում կենսաթոշակ նշանակած չլինելու մասին փաստաթուղթը չներկայացնելու հիմքով (եթե այդ փաստաթղթի առկայության դեպքում կվերականգնվեր կենսաթոշակ ստանալու իրավունքը կամ կվերսկսվեր կենսաթոշակ վճարելը կամ կվճարվեր չվճարված կենսաթոշակի գումարը), ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, համաձայնագրի մասնակից պետությունում կենսաթոշակ նշանակած լինելու հանգամանքը ճշտելու համար, ոչ ուշ, քան դիմումը մերժելու օրը, համապատասխան հարցում է կատարում այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմին:Հարցման պատասխանն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դրա մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու (վճարելու) համար դիմած անձին, եթե, համաձայն ստացված պատասխանի, այդ պետությունում անձին կենսաթոշակ է նշանակվել:

Եթե անձին համաձայնագրի մասնակից պետությունում կենսաթոշակ չի նշանակվել, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, անկախ կենսաթոշակառուի կողմից կրկին դիմելու հանգամանքից, փաստաթուղթը (հարցման պատասխանը) ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված կարգով վերականգնում է անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը և (կամ) վերսկսում է կենսաթոշակ վճարելը և (կամ) վճարում է չվճարված կենսաթոշակի գումարը: Ընդ որում, այս դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու) համար դիմելու օր է համարվում հարցումը կատարելու համար հիմք հանդիսացած՝ սույն կարգի 51.3-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրը: Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար (ամբողջությամբ):

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման թիվ 1 հավելվածի «Կենսաթոշակի վճարելը» կանոնի 66-րդ կետի համաձայն` Համաձայնագրի մասնակից պետություն մշտական բնակության մեկնած անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում՝ կենսաթոշակառուին հասանելիք, սակայն չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են այդ անձի տված և նոտարի վավերացրած լիազորագրով` լիազորված անձի գրավոր դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում համաձայնագրի մասնակից պետություն մշտական բնակության մեկնած անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Նույն կարգի 10 հավելվածով հաստատված «Չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի» կանոնների 25.1-րդ կետի համաձայն` եթե Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնած անձի կենսաթոշակի գործն ուղարկվել է այդ պետություն, ապա նրան չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար, ներկայացվում է նաև այդ պետության իրավասու մարմնի տված փաստաթուղթը նրան կենսաթոշակ նշանակելու ժամկետի մասին:

 

Հարց 20

Ե՞րբ է  վերահաշվարկվում կենսաթոշակառուի  կենսաթոշակը, եթե   ներկայացրել կենսաթոշակ նշանակելուց հետո  աշխատած լինելու մասին տեղեկանք :

Պատասխան 20

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին   մասի 2-րդ և 3-րդ ենթակետերի  համաձայն` աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե` տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո աշխատած լինելու մասին տեղեկանք` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

 

Հարց 21

Ինչպե՞ս է կարգավորվում կենսաթոշակառուի կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելը:

Պատասխան  21

 «Պետական կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին: Նույն օրենքի 41-րդ հոդվածի  4-րդ մասի համաձայն` կենսաթոշակ վճարելը սույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հայտարարությունն ստորագրելու (բանկ ներկայանալու) մասին բանկից տեղեկատվություն ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե այդ տեղեկատվությունն ստացվել է կենսաթոշակ վճարելը դադարեցնելու ամսվանից սկսած՝ 12 ամսվա ընթացքում:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ  մասի 5-րդ կետի համաձայն` Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, եթե կենսաթոշակառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում, բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի:

 

Հար ց 22

Կարո՞ղ է արդյոք շահառուն վճարման եղանակի և վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում ներկայացնել Ծառայության ոչ իր հաշվառման վայրի տարածքային բաժին:

Պատասխան 22

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբերի 20-ի թիվ 1082 որոշման համաձայն` աշխատանքային կենսաթոշակ, ինչպես նաև ԽՍՀՄ զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած շարքային կազմի զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց հաշմանդամության զինվորական կենսաթոշակ, այդ անձանց մահվան դեպքում նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անձը գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:Համաձայն 09.01.2017թ.  թիվ ԱԹ/(305172)-17 շրջաբերականի`  սկսած 2017թ. հունվարի 1-ից դիմումները (կենսաթոշակի և նպաստի նշանակում, ստանալու իրավունքի վերականգնում, վճարման վերսկսում, վերահաշվարկ և այլն) ներկայացվում են ցանկացած տարածքային բաժին` անկախ այն հանգամանքից, թե որ տարածքային բաժնի սպասարկման վայրում է հաշվառված շահառուն կամ որտեղ է գտնվում կենսաթոշակի կամ նպաստի գործը:

 

Հարց 23

Ովքե՞ր ունեն սահմանված ժամկետից շուտ տարիքային կենսաթոշակիանցնելու իրավունք:

Պատասխան 23

«Պետական կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ
տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)