Armenian

21.11.2017

tert.am - Այս ընթացքում խնդիր ենք դրել ուսումնասիրել, հասկանալ մեր ոլորտը՝ բացահայտելով հիմնական խնդիրներն ու հարցերը, որոնք ծանրացած են մեր հասարակության առջև: Այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը՝ նշելով, որ իր խնդիրն էր ձևավորել թիմ, որի աշխատանքը տեսանելի կլինի բոլորին, այսինքն՝ ոլորտի շահառուներն իրենց վրա կզգան իրենց կատարած աշխատանքի դրական ազդեցությունը:

«Առաջին իսկ օրերին հանդիպել եմ 51 տարածքային ստորաբաժանումների հետ, կենտրոնական ապարատի աշխատակիցների հետ: Նրանց ներկայացրել իմ որդեգրած սկզբունքները ազնվություն մեր աշխատանքի ու գործի նկատմամբ, հոգատարություն, քանի որ մենք ամեն օր գործ ունենք մեր ամենօրյա շահառուների հետ: Կարողացել ենք այցելել 8 մարզ, 2 դեռ չեն հասցրել, բայց ԼՂՀ այցի շրջանակում կանենք»,- ասաց նա:

Հովհաննես Սահակյանը նշեց, որ ոլորտում վեր հանված խնդիրների կարգավորման ուղղությամբ 4 ծրագիր են մշակել: Ծրագրերից մեկն է գործատուի վերաբերյալ տեղեկատվությունը հաշվառելու և աշխատանքային ստաժը հաշվարկելու ընթացակարգերը կատարելագործելու ենթահամակարգը: Հովհաննես Սահակյանը նշեց, որ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի ընթացքում, որն իրենց ենթադրում է այն, որ դեռևս  մինչև 2004 թվականն աշխատած մարդկանց աշխատանքայի ստաժն էլեկտրոնային համակարգ տարվի, խախտումներ են հայտնաբերվել:

«Աշխատանքի ընթացքում հայտնաբերվել են ոչ հիմնավորված ու իրավաչափ աշխատանքային ստաժ, որը ներառված է եղել աշխատանքային գրքույկում: Եղել են դեպքեր, որ մարդիկ այդ տարիներին չեն աշխատել, բայց ունեցել են աշխատանքային ստաժ: Անձանց աշխատանքային գործունեության ժամանակահատվածներում հնարավոր ոչ հավաստի աշխատանքային ստաժի հետ կապված սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և 11 աշխատակիցները խիստ պատասխանատվության են ենթարկվել:

Ստաժի գույքագրմանը կամ 2017թ, հունվարի 1-ից հետո դիմումների հիման վրա ներկայացված ստաժին վերաբերող տեղեկատվությունը համակարգ չմուտքագրելու, ոչ ամբողջական մուտքագրելու դեպքում կատարված ստուգումների արդյունքում 300 կենսաթոշակառուների մասով նվազեցել է 3000 տարի ստաժ»,- նշեց Հովհաննես Սահակյանը:

ՍԱՊԾ պետը կատարած ծրագրերից առանձնացրեց քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովում, այսինքն՝ ՔԿԱԳ-ի մարմինների հետ ծննդյան ակտերի և ծնողական իրավունքներից զրկելու, կենսաթոշակառուի մահվան վերաբերյալ տեղեկատվության փոխանակությունն ու ստացված տեղեկատվության կիրառությունն ապահովող ենթահամակարգի մշակում և ներդրում սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության էլեկտրոնային համակարգերի համակցումը: Ըստ նրա՝ քաղաքացուն հնարավորություն է ընձեռվում առաջին և երկրորդ երեխաների ծնունդը ՔԿԱԳ տարածքային մարմնում գրանցել, լրացնել նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու մասին դիմումը՝ առցանց համակարգով:

«Ինչպես նաև Էլեկտրոնային կենսաթոշակ կիրառվում է 28 111 գործում: Համակարգի մեջ ներառված են նաև ՊՆ, Ոստիկանության, Դատական ակտերի հարկադիր կատարման և ԱԻՆ աշխատակիցները, այսինքն՝ կենսաթոշակների նշանակելու և իրացնելու էլեկտրոնային  կենսաթոշակի գործիքակազմի միջոցով»,- շարունակեց Հովհաննես Սահակյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ հետագայում դիմողն ինքն է որոշելու՝ ինչ եղանակով և որտեղից ստանալ նպաստը: Սահակյանի խոսքով՝ նույն ծրագիրը հունվարի 1-ից տարածվելու է երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի, ինչպես նաև մահվան պետական գրանցման ընթացքում թաղման նպաստ ստանալու դիմումների ընդունման գործընթացի վրա:

«Էլեկտրոնային համակարգերի համակցումը հանգեցնելու է վարչարարության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, 21.000 քաղաքացի առաջին և երկրորդ երեխայի միանվագ նպաստի դիմումը լրացրել է առցանց»,- հավելեց Սահակյանը:

Սոցիալական ապահովության  պետական ծառայության պետը նկատեց, որ իրենք սերտ աշխատում են նա Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի հետ՝ հասկանալու ոլորտի շահառուների խնդիրներ, օրենսդրական բացերը և այլն:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)