Armenian

29.12.2011

gov.am - Սահմանվել են 2012 թ. հիմնական կենսաթոշակի և պետական նպաստների չափերը

ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում և 2012 թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը 10 հազար 500 դրամի փոխարեն սահմանել 13 հազար դրամ (աճը` շուրջ 24 տոկոս)։ Դրա շնորհիվ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 28 հազար 700 դրամի փոխարեն կկազմի շուրջ 31 հազար 300 դրամ (աճը` շուրջ 9 տոկոս), սոցիալական կենսաթոշակի միջին չափը 13 հազար 200 դրամի փոխարեն` շուրջ 16 հազար 500 դրամ (աճը` շուրջ 20 տոկոս), շարքային կազմի զինծառայողներին տրվող հաշմանդամության կենսաթոշակի միջին չափը 17 հազար 800 դրամի փոխարեն` շուրջ 20 հազար 900 դրամ (աճը` շուրջ 22 տոկոս), շարքային կազմի զինծառայողների ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի միջին չափը 15 հազար 800 դրամի փոխարեն` շուրջ 19 հազար 500 դրամ (աճը` շուրջ 25 տոկոս)։ Հաջորդ որոշմամբ հաստատվել են ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով ՀՀ 2012 թ. պետբյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները։ Այնուհետև գործադիրը հաստատել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության, երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման կարգերը, ինչպես նաև այդ նպաստների անկանխիկ վճարման կարգը։


ՀՀ կառավարությունն իր որոշմամբ 2012 թ. սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի կամ մեկ դրույքի համար սահմանել է 132 հազար դրամ։ Սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով աշխատակիցներին առաջարկվող սոցիալական փաթեթը ներառում է բժշկական ապահովագրությունը, հիփոթեկային վարկի ամսական վճարի մարումը, ուսման վճարը, պետական բոլոր ծառայողների, ինչպես նաև որոշ ոլորտների ՊՈԱԿ-ների վարչական և մասնագիտական աշխատողների համար ներդրվում է սոցիալական երաշխիքների միասնական համակարգ, որը կնպաստի աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Հաջորդ որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում 2012 թ. հունվարի 1-ից, սահմանվել է սոցիալական փաթեթի հատկացման կարգը։ Նշելով, որ սոցիալական փաթեթից կարող է օգտվել մոտ 120 հազար մարդ, վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանել այս որոշման մանրամասները և շահառուներին ներկայացնել սոցիալական փաթեթի ներդրման առավելությունները։

 

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում` դրանով իսկ հաստատել ընտանիքների անապահովության գնահատման կարգը, որի նպատակն է ապահովել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունից, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից առցանց եղանակով տվյալներ ստանալու իրավական հիմքը։


Իր նիստում գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին պարտավորեցրել է ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքով հաշվարկված` ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթի հաշվին 154 միլիոն 296 հազար 320 դրամ գումարի վճարումը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես ՀՀ անապահով ընտանիքների կողմից 2011 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում։
Կառավարության որոշմամբ սոցիալական բնակֆոնդից բնակարան է հատկացվել ծնողների մահից հետո առանց խնամքի մնացած Գյումրի քաղաքի Հովսեփյանների ընտանիքին, որը հայտնվել էր սոցիալական ծանր վիճակում։
Կառավարությունը ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Մոլդովական 70/1 հանրակացարանային մասնաշենքից 185.4 քառ. մետր գույքը նվիրել այնտեղ բնակվող բնակիչներին` լուծելով ավելի քան քսան անձանց բնակարանային խնդիրները։

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)