Armenian

28.07.2011

panorama.am - Իր նախկին որոշումներից երկուսում կատարելով համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ՀՀ կառավարությունը բարձրացրել է զոհված զինծառայողների շուրջ 5 հազար 300 ընտանիքներին տրվող դրամական օգնության չափը` 10 հազար դրամի փոխարեն սահմանելով 30 հազար դրամ, որին լրացուցիչ կավելացվի յուրաքանչյուր երեխայի (շուրջ 1300 երեխա) համար 20 հազար դրամ:

Միաժամանակ 2011թ. սեպտեմբեր ամսից Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած շուրջ 4000 անձի տրվող դրամական պարգևի չափը կբարձրացվի 5000 դրամով:

«Այս որոշմամբ մենք մեր սոցիալական քաղաքականությունը դարձնում ենք ավելի նպատակային և ավելացնում ենք այն վճարները, որոնք իրականացնելու ենք պետական բյուջեից: Նաև պետք է հավաստիացնենք զոհված ազատամարտիկների ընտանիքներին, որ այս որոշման արդյունքում նրանք պետություն կողմից ստանալու են ավելի մեծ ֆինանսական օժանդակություն, ինչպես նաև պատերազմի մասնակիցները 5000 դրամով ավելի կստանան և պատերազմական գործողություններում հաշմանդամ դարձած անձինք նույնպես ֆինանսական օժանդակություն են ստանալու»,- ասաց վարչապետը:

«Թե հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, թե զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող ֆինանսական միջոցների բարձրացումը պետք է շարունակական լինի, և նրանց այսուհետ պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել»,- կառավարության նիստին հաջորդած ասուլիսում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ընտանեկան նպաստ համակարգում ընդգրկված ընտանիքներին դրամական օգնության համապատասխան բարձրացումը կատարվել է խորը վերլուծության արդյունքում: Ըստ Ա. Գրիգորյանի` ընտանեկան նպաստից օգտվում էր շուրջ 5100 ընտանիք, որոնցում հաշվառված էր շուրջ 5800 երեխա: «Սակայն, վերլուծությունները ցույց տվեցին, որ զոհված ազատամարտիկը չէր կարող 2001, 2002, 2003 թթ.-ին երեխա ունենար: Այսինքն` այնպիսի պատկեր էր, որ շուրջ 4500 երեխաներ ծնվել էին 2000թ.-ից հետո: Եւ պարզվեց, որ այդ երեխաները զոհված ազատամարտիկի երեխաներ չեն, այլ նրանց հարազատների, բարեկամների երեխաներն են, մինչդեռ կոնկրետ դրամական օգնությունը տրվում է զոհված ազատամարտիկի ընտանիքին»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Այսպիսով, ըստ նախարարի, համապատասխան բազան ձևավորելուց հետո, մոտ 75 տոկոսով բարձրացվեց տրվող դրամական օգնության չափը:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)