Armenian

28.07.2011

panorama.am - ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ հիմնադրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Ինչպես նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, դրա անհրաժեշտությունը պայմանավորված է կենսաթոշակային բարեփոխումների իրականացմամբ:

Նշվեց, որ այնցյալ տարի ՀՀ Ազգային ժողովն ընդունել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող օրենքների փաթեթը, որի համաձայն` նախատեսվում է 2014 թվականի հունվարի 1-ից ներդնել կուտակային բաղադրիչը:
Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում փոփոխությունների է ենթարկվում նաև հարկային համակարգը. սկսած 2013 թվականից` գործատուները բացառապես էլեկտրոնային եղանակով ամսական պարբերականությամբ ներկայացնելու են անձնավորված հաշվետվություններ:

Սակայն, ըստ նախարարության տեղեկատվության` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թե գործատուների, թե բնակչության տեղեկացվածությունը իրականացվող բարեփոխումների վերաբերյալ բավականին ցածր է: 

Այսպես` կստեղծվի «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ, որի նպատակը կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետ իրականացմանն աջակցելն է: Մասնավորապես` կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում կտրամադրվի խորհրդատվական և մասնագիտական աջակցություն, նպաստել բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց. «Հույս ունենանք, որ այս կենտրոնի ստեղծումով կենսաթոշակային բարեփոխումների մասին տեղեկատվությունն ավելի հասանելի կլինի մեր քաղաքացիների համար»:

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)