Armenian

Ուղերձ

Հարգելի´բարեկամներ,

Հայաստանում ընթացող կենսաթոշակային բարեփոխումներն արդեն երեք տարեկան են: Այսօր մեծ փոփոխություններ են տեղի ունենում պետական կենսաթոշակային համակարգում: Բացի այդ, նախապատրաստական աշխատանքներ են տարվում կուտակային բաղադրիչի ներդրման ուղղությամբ, որը կսկսի գործել 2014 թվականից և որին կմիանան 40 տարին բոլորած  բոլոր աշխատող քաղաքացիները:

 

Սակայն նոր համակարգը դեռևս անհասկանալի և բարդ է մեր քաղաքացիներից շատերի համար: Ինքնին մշակույթը`  կենսաթոշակի մասին երիտասարդ տարիներին մտահոգվելու կենսակերպը, անծանոթ է մեր հասարակությանը: Բացի այդ, մեր  օրերում դժվար է վաստակել, դժվար է  խնայել , և ծերության, կենսաթոշակի համար գումար կուտակելն ամենևին էլ ամենաառաջնային խնդիրը չէ այսօրվա երիտասարդների համար: Այսօրվա  խնդիրներն անհապաղ լուծում են պահանջում` մոռացության մատնելով ապագան, կյանքի այն տարիները, երբ այլևս աշխատունակ չենք լինելու: Ընդ որում, կենսաթոշակի կուտակումը համեմատելի չէ այլ կարգի խնայողությունների հետ, քանի որ մեր խնայած հավելյալ միջոցները կյանքի որևէ էտապում հնարավոր է ծախսել` այդ պահին առաջնահերթ որևէ խնդրի լուծման համար: Իսկ կենսաթոշակային կուտակումը անձեռնմխելի է և  որևէ այլ նպատակի ծառայել չի կարող, այն կուտակվում է բացառապես մեր անկախ և բարեկեցիկ ծերությունն ապահովելու համար:

 

Կենսաթոշակային բարեփոխումերն առնչվում են մեզնից յուրաքանչյուրին, շատ շուտով այն դառնալու է  մեր կյանքի անբաժանելի մասը, և որպեսզի մարդիկ տեղյակ լինեն այդ համակարգի մանրամասներին, իրազեկ լինեն ու կարողանան իրենց կուտակումները ճիշտ տեղաբաշխել ու արդյունավետ օգտագործել, անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներ: Կենսաթոշակների վերաբերյալ հանրային իրազեկման գործընթացը իրականացնելու նպատակով ստեղծվել է Կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ) հիմնադրամը: Մեր երկրի բոլոր մարզերում, բնակչության բոլոր խավերը  կարիք ունեն համապարփակ տեղեկատվության իրենց պարտականությունների ու իրավունքների վերաբերյալ, քանի որ այս համակարգը ենթադրում է  ինքնուրույն որոշումների ընդունում, որոնք պետք է հենված լինեն որոշակի ֆինանսական գիտելիքների վրա: ԿՀԻԿ հիմնադրամը  նախատեսում է  իրականացնել բազմաբնույթ ուսուցողական, կրթական  ծրագրեր դպրոցներում բուհերում և աշխատավայրերում. ինչպես անհատական շփումների և հանրային միջոցառումների, այնպես էլ  զանգվածային լրատվամիջոցներով հնարավորիս մատչելի, պարզ և հասկանալի ձևով յուրաքանչյուրին պարտավորվում ենք տեղեկացնել և բացատրել, թե ինչպես է աշխատում կենսաթոշակային նոր համակարգը:  2012 թվականի ընթացքում  կստեղծվի միասնական կենսաթոշակային կայքէջ` առցանց ծառայություններ մատուցելու համար: Կենտրոնը կունենա նաև թեժ գիծ, որի միջոցով քաղաքացիները մշտապես հնարավորություն կունենան ստանալու համակարգի վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:

 

Բարի երթ և լայն ճանաչում կենսաթոշակային բարեփոխումներին

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ) Հիմնադրամի տնօրեն`

Կորյուն Սարգսյան


 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)