Armenian

Կուտակային կենսաթոշակ

Կուտակային կենսաթոշակային բաղադրիչը օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարների ու դրանց ներդրումից ստացված եկամուտների հաշվին անձանց տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում ապահովում է կուտակային կենսաթոշակով:

 

Կուտակային բաղադրիչը կսկսի գործել 2014թ. հունվարից: Կուտակային բաղադրիչին մասնակցելու են 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները: Կուտակային բաղադրիչին կարող են կամավորության սկզբունքով մասնակցել նաև մինչև 1974թ. ծնված վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, նոտարները, անհատ ձեռնարկատերերը և  ինքնազբաղվածները` անկախ տարիքից:

 

Կուտակային բաղադրիչին կամավոր միանալու որոշումը վերջնական է: Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում փոփոխությունների է ենթարկվում նաև հարկային համակարգը: 2013թ. հունվարի 1-ից ներկայումս գործող եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարի փոխարեն գործելու է մեկ միասնական` եկամտային հարկ:
Անձի աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը և կուտակային վճարը հաշվարկվելու և փոխանցվելու են գործատուների կողմից:


Յուրաքանչյուր մասնակցի համար մասնակիցների ռեեստրը վարողի կողմից բացվելու է անհատական կենսաթոշակային հաշիվ` կատարված խնայողությունների համար: Կենսաթոշակային խնայողությունները ներդրվելու են արժեթղթերում` բաժնետոմսերում, պարտատոմսերում, բանկերում` ավանդների տեսքով և այլն: Դրանցից ստացված եկամուտները նույնպես կուտակվելու են անձի կենսաթոշակային հաշվին:
Անձն ինքն է ընտրելու և հետագայում ցանկության դեպքում փոխելու այն ֆինանսական կազմակերպությունը, որն իրականացնելու է կենսաթոշակային խնայողությունների կառավարումը:

 
Անձը ցանկացած ժամանակ հնարավորություն է ունենալու իմանալ, թե ինչքան միջոցներ կան իր կենսաթոշակային հաշվում ինտերնետային կայքի և հաշվի քաղվածքների միջոցով:  
Կենսաթոշակային խնայողությունները համարվելու են անձի անձնական սեփականությունը և կարող են օգտագործվել կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո` կենսաթոշակ ստանալու նպատակով:
Պետությունը երաշխավորում է, որ անձի կողմից կատարած կենսաթոշակային վճարները կվերադարձվեն:
Կենսաթոշակային խնայողությունները կարող են ժառանգվել: 
Կուտակային վճար կատարելու պարտականությունը պահպանվում է մինչև կենսաթոշակային տարիքը` 63 տարին լրանալը: 

 

 

© 2012 Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Սույն վեբկայքում տեղադրված տեղեկատվությունը և լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Առկա նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս հղումը www.ssss.am վեբկայքին պարտադիր է: 

_____________________________________________________________________________________________________

Պաշտոնական էլեկտրոնային փոստ` 39065702@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)